ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Սփյուռքի հետ
Նախարարության միջազգային գործունեության կարևորագույն և անբաժանելի մասն են կազմում Հայաստան-Սփյուռք-Արցախ մշակութային կապերը: Դրանք միտված են ամրապնդելու և խորացնելու Հայրենիք-Սփյուռք կապերը և սատարելու հայրենիքում և արտերկրում գործող հայ արվեստագենտներին: Այդ նպատակով ստեղծվել են Սփյուռքում ստեղծագործող և հասարակական ու մշակութային գործունեություն ծավալած անհատների և կազմակերպությունների տեղեկատվական բազան, որը մշտապես փոփոխվում և նորոգվում է:
Սփյուռքում գործող հայկական մշակութային միությունները, որոնք ստեղծման օրվանից գաղթօջախներում իրենց վրա են վերցրել ազգային դիմագիծն ու հոգևոր դաշտը անապական պահելու շնորհակալ գործը, այսօր նաև ամուր կամուրջ են Հայատանի Հանրապետության և այլ պետությունների միջև մշակութային քաղաքականության իրականացման ասպարեզում: Նախարարությունը սփյուռքահայության հետ, մասամբ նաև՝ միջազգային մշակութային ծրագրեր իրականացնելիս համագործակցում է այնպիսի ավանդական միությունների հետ, ինչպիսիք են "Համազգային հայ կրթական և մշակութային միությունը", "Թեքեյան մշակութային միությունը", "Նոր սերունդ մշակութային միությունը", "Հայկական բարեգործական ընդհանուր միությունը", ինչպես նաև՝ սփյուռքում գործող հայկական այլ կազմակերպություններ:
Մշակույթի ասպարեզում սփյուռքի հետ համագործակցությունը, որպես ազգային ավանդույթների և նկարագրի պահպանման միջոց, ՀՀ մշակույթի նախարարության գերակա ուղղություններից է: Աշխարհացրիվ հայությանը ի մի բերելու անփոխարինելի միջոց է մշակույթը: Եվ այս իրողությունը 1999թ. Երևանում հրավիրված Հայաստան-Սփյուռք-խորհրդաժողովից հետո դարձավ Հայաստան-Սփյուռք-Արցախ բազմակողմանի հարաբերությունների զարգացման թթխմորը:
1999թ. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի հրամանով մեկնարկեց "Մեկ ազգ, մեկ մշակույթ" համահայկական ամենամյա փառատոնը, որն 2004թ-ից անց է կացվում երկու տարին մեկ անգամ:
2008 թ. Հայաստանում կայանալու է "Մեկ ազգ, մեկ մշակույթ" հերթական փառատոնը, որն այս անգամ ամբողջովին փոխել է իր ձևաչափը, այն բովանդակային առումով համապատասխանում է փառատոնի կարգախոսին և կոչված է լրացնելու նախորդ փառատոների ընթացքում ձեռք բերված ու ավանդույթ դարձաց միջոցառումները:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվել է սփյուռքահայ արվեստագետների ներկայացումը Հայաստանում. Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի "Արարատ", Ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի "Արամ" ֆիլմերի ցուցադրությունը Հայաստանում, Ֆրանսահայ հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորիի բարեգործական համերգները Արցախում և Հայաստանում, Կանադահայ երգչուհի Իզաբել Բայրաքդարյանի բարեգործական համերգը Երևանում, և այլն:
ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և սփյուռքահայ կազմակերպությունների համագործակցությունը չի սահմանափակվում միայն մշակութային միջոցառումների կազմակերպմամբ: Նախարարության անմիջական մասնակցությամբ 2000թ. - ին ԱՄՆ - ում ստեղծվել է Հայաստանի պարարվեստի գործիչների միության մասնաճյուղ, որը Միացյալ նահանգներում ամեն տարի "Մեկ ազգ, մեկ մշակույթ" կարգախոսի ներքո կազմակերպում է փառատոներ: Սիրիայում, Իրանում, Ուրուգվայում, Արգենտինայում գործող մի շարք պարախմբեր / "Սարդարապատ", "Անուշ", "Գայանե", "Մասիս"/ ընդգրկվել են Հայաստանի պարարվեստի գործիչների միության կազմում:
Սփյուռքահայ մշակութային միությունների խնդրանքով,նախարարության նախաձեռնությամբ և պարարվեստի գործիչների միության առաջարկով սփյուռք են գործուղվել մասնագետներ, որոնց ջանքերի շնորհիվ ոչ միայն բարձրացվել է գործող խմբերի գեղարվեստական մակարդակը, այլև Սիրիայում, Ավստրալիայում, Արգենտինայում, Անգլիայում ստեղծվել են նոր ազգային պարախմբեր:
Հայաստանից գործուղված մասնագետներն աշխատել են նաև թատերարվեստի, երգարվեստի, գեղանկարչության բնագավառներում: Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը Լոս Անջելեսի Վարդան Աճեմյան թատերախմբի հետ համատեղ բեմադրել է Լևոն Շանթի "Կայսր" պիեսը: Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի աջակցությամբ և դերասանների անմիջական մասնակցությամբ Ֆրանսիայում ստեղծվել է Նարեկ Դուրյանի "Բոհեմ" թատրոնը:
Սփյուռքահայ ավանդական գաղթօջախների հետ տարվող աշխատանքներին զուգահեռ նախարարությունը կապեր է հաստատում նորաստեղծ համայնքների հետ Ռուսաստանի տարբեր մարզերում, Ուկրաինայում, Արևելյան Եւրոպայի երկրներում: Վերջին տարիներին բանակցություններ են վարվել Ռուսաստանի Կրասնոդարի մարզի, Վոլգոգրադի, Վլադիվոստոկի, Սերբիայի, Բուլղարիայի, Հունգարիայի հայ նորաստեղծ համայնքների ղեկավարների, անհատ արվեստագետների, հասարակական գործիչների հետ: 2002թ. պայմանագիր է ստորագրվել Կրասնոդարի հայ համայնքի ղեկավարության, 2005թ.՝ Հունգարիայի հայ ազգային ինքնավարության և ՀՀ մշակույթի նախարարության միջև:
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից սփյուռքում /Լիբանան, Սիրիա, ԱՄԷ, Ռուսաստան, Սերբիա .../գործող հայկական գրադարաններին, մշակութային միություններին, դպրոցներին են նվիրաբերվել /խիստ սահմանափակ քանակությամբ/ մշակույթի և արվեստի վերաբերյալ գրականություն, դիդակտիկ նյութեր, տեսա և ձայնահոլովակներ:
Հուշարձանների պահպանության բնագավաում՝ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության ոլորտում ինտեգրվելու, միջազգային չափանիշներին համապատասխան գործունեություն ծավալելու և անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակելու, հայկական մշակութային արժեքներն աշխարհին ներկայացնելու նպատակով նույնպես տարվել են նպատակային աշխատանքներ.

  1. Հայ - իրանական միջկառավարական համաձայնագրի շրջանակներում շարունակվել է համագործակցությունը "Իրանի հայկական վանքերի պահպանման հանձնախումբ" կազմակերպության հետ` Իրանի տարածքում գտնվող ուրարտական և հայկական միջնադարյան հուշարձանների հետազոտման և վերականգնման գործում:
  2. Շարունակվել է համագործակցությունը Իտալիայի "Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնի" հետ: Հուշարձանների պահպանության և վերականգնման բնագավառում փորձի փոխանակության, ինչպես նաև նոր մեթոդների ուսումնասիրման և ներդրման նպատակով համատեղ կատարվել է`
    1. Մարմարաշենի վանքային համալիրի գլխավոր եկեղեցու վերականգնման, հյուսիսային եկեղեցու ամրակայման և տարածքի ուսումնասիրման աշխատանքներ,
    2. Հովհաննավանքի ծածկի վերանորոգում,
    3. Երերույքի տաճարի վերականգնում,
    4. Ամբերդ ամրոցի մասնակի վերականգնման նախագիծ,
    5. Տեխնիկական աջակցություն հայկական անշարժ հուշարձանների կատալոգի ստեղծման համար, որտեղ ներառված են նաև պահպանության վիճակի և շտապ վերականգնման անհրաժեշտության մասին տեղեկություններ:
    6. Մասնակցություն Վենետիկում կազմակերպված "Հայկական միջնադարյան ճարտարապետությունը" միջազգային սեմինարին:
    7. Կենտրոնի աջակցությամբ "Ժառանգության և մշակութային տուրիզմի պահպանումը Հայաստանի Տեղեր բնակավայրում" ծրագրի իրականացում:
  3. Արտերկրում աշխատանքներ են տարվել պատմամշակութային արժեքների պահպանության հետազոտման, ամրակայման և վերականգնման բնագավառում ծրագրերի իրագործման համար միջազգային դրամաշնորհներ և հովանավորչական ֆինանսավորում ստանալու նպատակով մասնավորապես `
    1. ԱՄՆ-ի Բոստոնի Թաֆթսի համալսարանի Հայաստանի մշակույթի և ճարտարապետության պատմության ամբիոնի պրոֆեսոր տիկին Լյուսի Տեր Մամվելյանի մեկենասությամբ կատարվել է
      1. Որոտնավանքի սբ. Կարապետ եկեղեցու և սրահի ծածկասալերի վերանորոգում
      2. Օշական գյուղի "Մանկանոց" սբ. Սիոն եկեղեցու թմբուկի և վեղարի վերականգնում,
      3. Մայիսյան գյուղի "Տիրանավոր" եկեղեցու ամրակայում,
      4. ութ հուշահամալիրներում ցուցատախտակների /քարե/ սեղադրում:
    2. Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ` հայ բարերարների հովանավորությամբ կատարվել են`
      1. 2002-2003 թվականներին վերականգնողական աշխատանքներ.
        1. Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի սբ. Կարապետ Բազիլիկ եկեղեցին /1872/, բարերար` Ս. Կոծինյան,
        2. Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին` թանգարանացմամբ և նոր եկեղեցու կառուցմամբ, բարերար` Մ. Միքայելյան,
      2. 2004 թվականից սկսվել է Արագածոտնի մարզի Փարպի գյուղի սբ. Գր. Լուսավորիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները , բարերար Բ. Առաքելյան:
Արխիվային աշխատանքների բնագավառում նույնպես աշխուժցել է սփյուռքհայ կազմակերպությունների և անհատների հետ համագործակցությունը.
Հայաստանի Ազգային Արխիվը /ՀԱԱ/ 2003-2004թթ. ընթացքում շարունակել է Սփյուռքահայ համայնքների հետ իր կապն ինչպես գրագրությունների, այնպես էլ առանձին անձանց հետ անձնական շփումների միջոցով: Այս շփումների արդյունքում 2003-2004թթ. ընթացքում ֆրանսահայ Կարպիս Ջրբաշյանի միջոցով ՀԱԱ-ին հանձնվեց Ռամկավար ազատական կուսակցության գործիչ Արտակ Դարբինյանի անձնական արխիվը /8077 թերթ /, նյութերն արդեն գիտատեխնիկական մշակման են ենթարկվել:
ՀԱԱ-ի փոխտնօրեն Սոնյա Միրզոյանի միջոցով Փարիզից ազգային արխիվ է բերվել Դաշնակցական կուսակցության գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի անձնական արխիվը /10002 թերթ/ , որի նյութերը ևս ենթարկվել են գիտատեխնիկական մշակման:
Ս. Պետերբուրգից հայկական համայնքի հետ համագործակցության շնորհիվ 2004թ. Հայաստան են տեղափոխվել Վահրամ Փափազյանի անձնական արխիվն ու բեմական հագուստները:
2007 թ. Արգենտինայից Հայաստան է տեղափոխվել Մհեր Մկրտչյանի արխիվը:
Մշակութային արժեքների հաշվառում արտերկրներում
2007 թ. ընթացքում աշխատանքներ են տարվել աշխարհի տարբեր երկրներում պետական և մասնավոր հավաքածուներում, հաստատություններում և թանգարաններում պահվող մշակութային արժեքների հայտնաբերման և հաշվառման ուղղությամբ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել և հաշվառվել է 3664 մշակութային արժեք:

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

*Սփյուռքում հայ մշակութային ավանդույթների պահպանմամ ապահովում.
ա/ Օգտագործելով սփյուռքում գործող մշակութային ավանդական կազմակերպությունների հնարավորությունները, Հայրենի մշակույթը ներկայացնել սփյուռքում.
բ/ Սփյուռքում գործող մշակութային խմբերի, համույթների, մշակույթի անհատ գործիչների գործունեությունը ներկայացնել Հայաստանում և Արցախում.
գ/ Օգտագործելով սփյուռքահայ կազմակերպությունների, անհատների հնարավորությունները, հայ մշակույթը ներկայացնել այլ ժողովուրդների:

* Սփյուռքում գործող մշակութային կենտրոնների, մշակութային ուսումնական կրթական հաստատությունների, մշակութային համույթների, անհատ արվեստագետների մասնագիտական մակարդակի բարձրացում.
ա/ Համագործակցելով Հայաստանում գործող ստեղծագործական միությունների, մշակութային ուսումնական հաստատությունների հետ, սփյուռքահայ մշակութային համույթները, մշակութային կրթական հաստատություններն ապահովել Հայաստանում կրթություն ստացած որակյալ մասնագետներով.
բ/ Պարբերաբար կազմակերպել սփյուռքում գործող մշակութային համույթների, մշակութային կրթական հաստատությունների գեղարվեստական ղեկավարների որակավորման բարձրացման դասընթացներ Հայաստանում.
գ/ Սփյուռքում գործող խոստումնալից պատանի արվեստագետներին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով հրավիրել Հայաստան.

* Հայաստանի, Արցախի և սփյուռքի միջև մշակութային փոխանակումների ապահովում.
ա/ "Մեկ ազգ, մեկ մշակույթ" կարգախոսի ներքո Հայստանում, Արցախում և սփյուռքում գործող մշակութային կազմակերպությունների, ստեղծագործական միությունների հետ համագործակցաբար Հայաստանում, Արցախում և սփյուռքում բազմաբնույթ միջոցառուների՝ հավաքների, համերգների, ներկայացումների, ցուցահանդեսների, իրականացում.

* Սփյուռքում գործող մշակութային տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության և փոխըմբռնման մթնոլորտի ապահովում, հայության տարբեր հատվածների միջև միջհամայնքային մշակութային կապերի ստեղծում և ամրապնդում, ազգային մշակութային ավանդույթների պահպանում.
ա/ "Մեկ ազգ, մեկ մշակույթ" կարգախոսի ներքո համահայկական փառատոների պարբերական իրականացում.
բ/ Սփյուռքում գործող մշակութային միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հավաք - խորհրդակցությունների կազմակերպում.

* Օտարալեզու հայ գաղթօջախներում ազգային մշակութային ավանդույթների արմատավորում և զարգացում.
ա/ Հատուկ ծրագրերի մշակում և իրականացում.

• Սփյուռքի հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ.
ա/ Սփյուռքահայ մշակութային, կրթական, կրոնական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծում.
բ/ Հայաստանի, Արցախի և սփյուռքի մշակութային կյանքի լուսաբանում զանգվածային լրատվության և ժամանակակից տեղեկատվական միջոցներով.
գ/ Գաղթօջախների մշակութային կյանքի, ինչպես նաև՝ սոցիալ - տնտեսական, սոցիոլոգիական և ժողովրդագրական ուսումնասիրությունների անցկացում.
all-armenian-orcestra-april-24
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: