"Բյուջետային համակարգի մասին" ՀՀ օրենքն ընդունվել է 1997 թվականի հուլիսի 21-ին և սահմանում է ՀՀ պետական բյուջեի նախագծի կառուցվածքն ու բովանդակությունը, ծախսերի ուղղությունները, կատարման նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը, համայնքների բյուջեների ձևավորման սկզբունքներն ու կարգը և այլն:
Ծախսային ծրագրի մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել կառավարության համար կառավարելու պետական հատվածի ֆինանսական ռեսուրսներն իր հարկաբյուջետային նպատակներին և քաղաքականության գերակայություններին համապատասխան:
Ծախսային քաղաքականության ռազմավարությունը պարունակում է այն արդյունքները, որոնց կառավարությունը ցանկանում է հասնել տվյալ ոլորտում ծախսեր կատարելու միջոցով: Մշակույթի ոլորտի ֆինանսավորումը սկսած 2005 թ. իրականացվում է ծրագրային բյուջետավորման սկզբունքով, որի համաձայն քաղաքականության միջոցառումները ներառվում են ծախսային ծրագրերում:
Ոլորտի պետական ծախսերի քաղաքականության գերակա ուղղությունների որոշման համար ուղենիշ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության գործող օրենքները, ՀՀ Կառավարության առանձին որոշումները և դրանցից բխող ծախսային առանձնահատկությունները, ինչպես նաև աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով նախատեսված նպատակների իրագործմանը ծառայող համապատասխան միջոցառումների համակարգը:
Պետական բյուջեով մշակույթի ոլորտի ֆինանսավորումը իրականացվում է 18 պետական կառավարման մարմինների միջոցով, և ֆինանսավորման կառուցվածքը հիմնված է մշակույթի պահպանման, տարածման և զարգացման եռամյա /միջնաժամկետ/ և տարեկան ծրագրերի վրա: Մշակույթի ոլորտի բյուջետային հատկացումները կատարվում են ըստ յուրաքանչյուր տարվա "ՀՀ պետական բյուջեի մասին" օրենքի:
Պետական բյուջեից մշակույթի ոլորտի ֆինանսավորումը` համաձայն պետական ֆինանսների վիճակագրություն "GFS-2001" բյուջետային դասակարգման նոր համակարգի, կատարվում է բյուջետային ծախսերի գործառական դասակարգման "Հանգիստ, մշակույթ և կրոն" բաժնով:
Պետական բյուջեից մշակույթի ոլորտին հատկացումները իրականացվում են ծրագրերի միջոցով՝ պետական պատվերի, սուբսիդիաների ձևով և ուղղվում մշակութային կազմակերպությունների պահպանմանը, միջոցառումների անցկացմանը, ծառայությունների ձեռքբերմանը և այլն:
ՀՀ մշակույթի նախարարության 2008 թվականի հաստատված բյուջետային հատկացումներն ըստ ծախսային ծրագրերի
ներկայացվում է աղյուսակում։