ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային օրենսդրության հիմունքները


Մշակույթի ոլորտը կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտը "Մշակութային օրենսդրության հիմունքների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքն է, որը սահմանում է ՀՀ մշակութային օրենսդրության խնդիրները, սկզբունքները, նպատակները:

 2002 թ. օրենքն ընդունելուց հետո անցած ժամանակահատվածում մշակույթի ոլորտի իրավական կարգավորման դաշտում առաջացել են նոր խնդիրներ, որոնք օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելը դարձել էին անհրաժեշտություն և նախարարության նախաձեռնությամբ մշակվել է նախագիծ: Օրենքի նախագծում ամրագրվել են կարգավորման առարկան, սահմանվել և ճշգրտվել են օրենքի խնդիրները, մշակույթի պետական քաղաքականության նպատակները և սկզբունքները: Օգտվելով ժամանակակից մշակութաբանական նոր հասկացություններից, պահպանելով դրանց ներքին տրամաբանությունը՝ խմբագրվել և հստակեցվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները:

 Նախագծում կարգավորվել է պետական uեփականություն չհանդիսացող մշակութային արժեքների պահպանական ցուցակում կամավոր uկզբունքով գրանցված մշակութային արժեքի(ների) սեփականատիրոջը պետական աջակցության ձևերը, պետական սեփականություն չհանդիսացող հնաոճ առարկաների, ստեղծագործությունների առք ու վաճառքի իրականացման սկզբունքները: Փորձ է արվել հստակեցնել մշակութային կազմակերպությունների և ստեղծագործողների հարաբերությունները, քանի որ դրանք սահմանված չեն Հայաստանի Հանրապետության որևէ օրենսդրական ակտով:

 Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի, տնտեսական նոր մեխանիզմների և շուկայական հարաբերությունների զարգացումը մշակույթի ոլորտում, ինչպես նաև կկարգավորվեն մշակույթի բնագավառում իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունները: ՀՀ Կառավարության արձանագրային որոշումով ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:

 

Պատմության և մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանություն

 

"Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին" ՀՀ օրենքի նպատակն է` հուշարձանների պահպանության և oգտագործման բնագավառի իրավական հիմքերի uահմանումը. այդ գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների կարգավորումը: Uույն oրենքի հիմնական խնդիրներն են` հուշարձանների պահպանության և oգտագործման բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների uահմանումը. հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուuումնաuիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և oգտագործման հարցերի կանոնակարգման uկզբունքների uահմանումը. հուշարձանների պահպանության և oգտագործման բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավաuությունների uահմանումը. հուշարձանների` որպեu անշարժ գույքի հատուկ տեuակի նկատմամբ uեփականատիրության, տնoրինման և oգտագործման առանձնահատկությունների uահմանումը:

 "Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին" ՀՀ օրենքը սահմանում է պետական սեփականություն համարվող հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների հետեւյալ հուշարձանների տեսակները իրենց զբաղեցրած և առանձնացված տարածքներով, որոնք ենթակա չեն օտարման(քարեդարյան բացoթյա կայանները, քարայր-կացարանները, դրանց համալիրները, բնակատեղիները, ամրոց-բնակատեղիները (բերդշեները), ամրոցները, դրանց հատվածները, պաշտպանական պարիuպները, դիտակետերը, աշտարակները, խանդակները,գետնուղիներն ու ամրաշինական այլ կառույցներ, մեգալիթյան կոթողները` մենհիրներ, վիշապաքարեր, կրոմլեխներ, uահմանաքարեր,ժայռապատկերները, վիմագրական հուշարձանները, դրանց համալիրները, հնագիտական մշակութային շերտերը, դամբարանները, դամբարանադաշտերը, դամբարանաբլուրները, պատմական գերեզմանոցները, խաչքարերը, հուշակոթողները, հուշաuյուները, տապանաքարերը, այլ պաշտամունքային եւ քաղաքացիական կառույցները` մեհյանները, տաճարները, եկեղեցիները, մատուռները, վանական համալիրները, բնակելի, պալատական, արտադրական, կոմունալ, տնտեuական շինությունները, որոնց պահպանվածության վիճակը բացառում է դրանց ամբողջական գիտական վերականգնման եւ uկզբնական գործառնական նշանակությամբ oգտագործման հնարավորությունը, չգործող հին հանքահորերը, պատմական ճանապարհների հատվածները, ճարտարագիտական կառույցները` ջրանցքներ, ամբարտակներ, կամուրջներ,ջրանցույցներ) և նոր ու նորագույն ժամանակաշրջանների հուշարձանները` իրենց զբաղեցրած և առանձնացված տարածքներով (Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա uտեղծված պատմամշակութային և բնապատմական արգելոցները, տուն-թանգարանները, պանթեոնները, հուշահամալիրները, հուշակոթողները, պատմամշակութային հավաքածուներ ներառող պետական պահոցների, թանգարանների, տուն-թանգարանների շենքերը):

 

 

Արխիվային գործ

 

 "Արխիվային գործի մասին" ՀՀ օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի (անկախ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի), համալրման, հաշվառման, պահպանության, օգտագործման, ինչպես նաև արխիվային գործի հետ առնչվող իրավահարաբերությունները: Օրենքում սահմանվում են արխիվային գործի բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, արխիվների ստեղծումը, Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուն, արխիվային փաստաթղթերի պահպանության և հաշվառման, համալրման կարգը, արխիվային փաստաթղթերի մատչելիությունն ու օգտագործումը, պատասխանատվությունը` արխիվային գործի մասին ՀՀ օրենսդրությունը խախտելու համար:

 "Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին" ՀՀ օրենքը կարգավորում է փաստաթղթերի (վավերագրերի), բոլոր տեսակի հրատարակությունների, էլեկտրոնային հրապարակումների և չհրատարակված նյութերի առաքման, մշտական պահպանության վիճակագրական հաշվառման, մատենագիտության կազմման և ազգային ժառանգության հանրային օգտագործման առնչությամբ ծագող իրավական և ֆինանսատնտեսական հարաբերություններ:

 Հաշվի առնելով օրենքի կիրարկման երկու տարվա փորձը և ներկայացված խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ նախարարությունը մշակել է "Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին□ ՀՀ օրենքի նախագիծը, որտեղ հստակ ամրագրվում է, որ անվճար պարտադիր օրինակը պետք է մշտապես պահպանվի, իսկ հանրությունը ապահովվի դրանց մասին տեղեկույթով:

 Նախագծում հստակ սահմանվում են՝ անվճար հատկացվող պարտադիր օրինակի քանակը, ստացող կազմակերպությունները, դրանց իրավունքները և պարտականությունները: Հստակեցվել են փաստաթուղթ պատրաստողների (անկախ նյութական կրիչից) իրավունքներն ու պարտականությունները, ՝ազգային մշակութային ժառանգության անքակտելի մաս կազմող տեղեկույթ պարունակող փաստաթղթերի պահպանությունը և հանրության տեղեկացված լինելը, փաստաթղթի պարտադիր օրինակ հանդիսացող նյութերի հատկացման, պահպանման, հաշվառման և օգտագործման գործընթացի իրականացումը:

 Նախագծում ավելացվել է նոր գլուխ` "Փաստաթղթերի պարտադիր օրինակի պետական կառավարումը", որտեղ տարազատվել են ՀՀ Կառավարության և լիազոր պետական մարմնի իրավասությունները, ինչը կապահովի օրենքի հետագա կիրարկումը:

 ՀՀ Կառավարության 2007 թ. մարտի 6-ի նիստի արձանագրային որոշմամբ ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով։

 

 

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

 

 "Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը կարգավորվում է մշակույթի որոտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները: Մասնավորապես, մշակույթի բնագավառում համայնքի ղեկավարը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում և կառավարում է ակումբների, մշակույթի տների, գրադարանների, մշակութային այլ հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները: Համայնքի ղեկավարն այս բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները՝ կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ, որպես կամավոր լիազորություն` աջակցում է արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը, համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, հաշվառում, դասակարգում և տարածում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային, բնական և տուրիստական ռեսուրսների մասին տեղեկույթը:

 

Այլ իրավական ակտեր

 

 "Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին" ՀՀ օրենքի խնդիրն է՝ նպաստել Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանմանը, կանխել մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ներմուծումը և այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը: Սույն օրենքը սահմանում է մշակութային արժեքների արտահանումը և ներմուծումը կարգավորող և դրանց նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմինները, մշակութային արժեքների արտահանման և ներմուծման, ժամանակավոր արտահանման և ներմուծման կարգերը, մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին օրենսդրության խախտման համար պատաս-խանատվությունը, այս ոլորտում միջպետական համագործակցությունն ու միջազգային պայմանագրերը:

 "Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին" ՀՀ օրենքը կար-գավորում է մտավոր սեփականությունը և հեղինակային իրավունքին վերաբերող հարցերը: "Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին" ՀՀ օրենքը կարգավորում է գրականության, գիտության, արվեստի բնագավառների ստեղծագործությունների նկատմամբ դրանց հեղինակների իրավունքների հետ կապված հարաբերությունները, կատարողների՝ իրենց կատարումներին, հնչյունագրեր արտադրողների՝ իրենց պատրաստած հնչյունագրերի, ֆիլմ արտադրողների՝ իրենց ամրագրած ֆիլմերի, հեռարձակող կազմակերպությունների՝ իրենց հաղորդումների, հրատարակչությունների՝ իրենց հրատարակությունների հրատարակչական ձևավորումների, տվյալների բազաներ պատրաստողների՝ իրենց պատրաստած տվյալների բազաների նկատմամբ իրավունքների հետ կապված հարաբերությունները, գույքային իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարումը:

 "Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին" ՀՀ օրենքը կարգավորում է մի շարք ոլորտների, այդ թվում՝ մշակույթի, գրականության բնագավառների ականավոր գործիչներին, կոլեկտիվներին պատվավոր կոչումներ շնորհելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է պատվավոր կոչումներ շնորհելու կարգն ու պայմանները:

 "Բյուջետային համակարգի մասին" ՀՀ օրենքը սահմանում է ՀՀ բյուջետային համակարգը և կանոնակարգում բյուջետային գործունեությունը, սահմանում բյուջետային հարաբերությունների կարգավորման հիմունքները, բյուջեների կատարումը, ՀՀ պետական բյուջեի նախագծի կառուցվածքն ու բովանդակությունը, պետական բյուջեի ծախսերի ուղղությունները, պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը, համայնքների բյուջեների ձևավորման սկզբունքներն ու կարգը և այլն:

 ՀՀ քրեական օրենսգիրքը միջազգայնորեն սահմանված մշակութային ժառանգության պաշտպանության խախտումների համար պատասխանատվություն սահմանող ինքնուրույն բաժին կամ գլուխ չի պարունակում, սակայն քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ ուղղված են մշակութային արժեքների քրեաիրավական պատասխանատվությանը: Պատասխանատվություն է նախատեսված մշակութային արժեքների մաքսանենգության, մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաների կամ փաստաթղթերի ոչնչացման կամ վնասման, պատմության և մշակույթի հուշարձանների ոչնչացման կամ վնասման համար:

 ՀՀ մաքսային օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող և այդ տարածքից արտահանվող ապրանքները և առարկաները (այդ թվում՝ մշակութային արժեք ներկայացնող) կանոնները: Մաքսատուրքով չեն հարկվում արվեստի գործերի, հավաքածուներ կազմելու առարկանների, հնաոճ իրերի ներմուծումն ու արտահանումը: Մաքսային վճարներից ազատվում են այն ապրանքները և այլ առարկաները, որոնք ժամանակավորապես ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք և այդ տարածքից արտահանվում՝ կամ ժամանակավորապես արտահանվում և ներմուծվում են առանց դրանց մշակման և վերամշակման, ինչպես՝

 ա) ոչ առևտրային ցուցահանդեսների, տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների համար նախատեսված ապրանքները և այլ առարկաները,

 բ) մամուլի, հեռուստատեսության, կինեմատոգրաֆիայի, մշակույթի բնագավառի աշխատողների համար մասնագիտացված սարքավորումները,

 գ) մշակույթի կարիքների համար նախատեսված (գրքեր, ամսագրեր, թերթեր, երաժշտական գործիքներ, թատերական և մարզական սարքավորումներ, կրոնական գույք) ապրանքները և այլ առարկաներ:

golden-apricot-16
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: